«ԱրմենՏել» (ապրանքանիշը` Beeline) ընկերությունը 2010 թվականի սկզբից Երեւանում եւ շրջաններում վերանորոգել է վաճառքի եւ սպասարկման 67 գրասենյակ: Մեծամոր քաղաքում բացվել է Beeline նոր գրասենյակ, իսկ 8 բնակավայրում դրանք տեղափոխվել են հաճախորդների համար ավելի հարմարավետ վայրեր:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «ԱրմենՏել»-ի մամուլի ծառայությունից, 82 գրասենյակում տեղադրվել են ինտերնետ ծառայությունների փորձարկման  ցուցադրական գոտիներ, ինչպես նաեւ առեւտրային գոտիներ, որոնք հնարավորություն են ընձեռում ձեռք բերել հեռախոսներ, համակարգիչներ եւ նոութբուքեր տարաժամկետ վճարման համակարգով:

«Գրասենյակներում վերասարքավորման աշխատանքներ կատարելիս մենք, որպես ինտեգրված օպերատոր,  առաջնորդվել ենք  Beeline ծառայությունների հանդեպ աճի ավելացմամբ: Մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի Beeline ցանկացած գրասենյակում` լինի դա մայրաքաղաքի կենտրոնում թե հեռավոր շրջանում, մեր հաճախորդները իրենց հարմարավետ զգան եւ ստանան անձնակազմի մասնագիտացված մոտեցում»,- նշել է «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Այսօր Հայաստանում գործում է վաճառքի եւ սպասարկման 83 գրասենյակ, որոնցից 24-ը Երեւան քաղաքում, իսկ 59-ը` մարզերում: