Վլադիմիր Պուտինի երեկվա` օգոստոսի 9-ի, հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանում ցորենի բերքն այս տարի կլինի 60-65 մլն տոննա, կրկին իրարանցում է առաջացրել համաշխարհային բորսաներում։ Ցորենի գինը կրկին բարձրացել է եւ կազմել 330 դոլար՝ 1 տոննայի դիմաց։ Մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ալեքսանդր Բելյայեւը հայտարարել էր, որ ցորենի բերքը սպասվում է 75 մլն տոննա։ Ի դեպ՝ սա առաջին դեպքը չէ, որ Ռուսաստանի վարչապետն իր հայտարարություններով հերքում է գյուղատնտեսության փոխնախարարին։ Այդպես եղավ նաեւ այն ժամանակ, երբ Բելյայեւը հայտարարեց, որ Ռուսաստանը չի սահմանափակի ցորենի արտահանումը, ու դրանից մի քանի օր անց, Պուտինը այդ էմբարգոն կիրառեց։
Եվրոպացի փորձագետների գնահատմամբ՝ շուկայում գների տատանումները պայմանավորված են անորոշությամբ եւ սպելուլյատիվ խաղերով։ Ըստ այդմ՝ գները կկայունանան միայն այն ժամանակ, երբ ցորենի բերքահավաքն ավարտվի ու պարզ դառնա, թե որքան բերք է հավաքվել։ Մեկ այլ կարծիքի համաձայն՝ ներկայում հացահատիկի գնի 50 տոկոսը զուտ սպեկուլյատիվ գործոնների հետեւանք է։
Եվրոպայում հույս ունեն, որ ռուսական արտահանումներին մասամբ կփոխարինի Ուկրաինան, որտեղ հացահատիկի բերքը նույնպես տուժել է, բայց ավելի քիչ չափով։ Սակայն այս երկրի դիրքրոշման վերաբերյալ հակասական տեղեկություններ են ստացվում։ Մինչ ռուսական «Կոմերսանտը» գրում է, որ Ուկրաինան փաստացի դադարեցրել է ցորենի արտահանումը, Համբուրգի բորսայի հացահատիկային բրոքերների միության ղեկավար Քրիստոֆ Բուխհոլցն (Christoph Buchholz) այսօր հայտարարել է, որ Ուկրաինան շահում է Ռուսաստանի որոշումից եւ անպայման կձգտի լրացնել այն բացը, որ ստեղծվել է հացահատիկային շուկայում։



























