ԱՄՆ Սենատում անցած շաբաթ տեղի չունեցավ Ֆրենսիս Ռիկարդոնեին Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատելու հարցով քվեարկությունը:
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը օգոստոսի 3-ին հավանություն էր տվել նրա թեկնածությանը, եւ հարցը տեղափոխվել էր արդեն լիագումար նիստ։ Սակայն սենատոր Սեմ Բրաունբեքը առկախել է քվեարկությունը, ինչի մասին պաշտոնապես գրավոր հայտնել է իր գործընկերներին։
«Պարոն Ռիկարդոնեի [հարցով] քվեարկության հետաձգումը վկայում է, որ ներկայումս ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ քաղաքականության վերաբերյալ խնդիրներ կան։ Սա պետք է առիթ դառնա, որ Սենատը եւ Պետդեպարտամենտը ընդհանրապես վերաքննեն քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում եւ հավելել. «Ինչպես գիտենք, այսօրվա դրությամբ դա Թուրքիայի առջեւ տեղի տալու քաղաքականություն է` լինի անվտանգության ապահովման, թե մարդու իրավունքների հարցերում։ Եվ, իհարկե, ինչպես ամեն հայ գիտի, դա նաեւ Հայոց ցեղասպանությունը մերժելու հարցում Թուրքիայի առջեւ տեղի տալու քաղաքականություն է: Ուրեմն, դեսպանների հաստատման հարցով քվեարկությունները այդ քաղաքականությունը վերանայելու եւ ապագայում փոփոխության ենթարկելու եւս մեկ առիթ են. անշուշտ, դա վերաբերում է նաեւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի խնդրին»:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը անցած երեքշաբթի սենատոր Բարբարա Բոքսերի պահանջով առկախել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզային հաստատելու հարցով քվեարկությունը։
Թուրքիայում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում հաստատվելու դեպքում Ֆրենսիս Ռիկարդոնեն փոխարինելու է Ջեյմս Ջեֆրիին, ով նշանակվել է Իրաքում Միացյալ Նահանգների դեսպան եւ Անկարայից պետք է մեկնի Բաղդադ։ Ենթադրվում է, որ Ռիկարդոնեի հարցով քվեարկությունը Սենատում տեղի կունենա սեպտեմբերի 13-ին։




























