Հայաստանի կառավարությունը 113 հազար եվրո կհատկացնի՝ Իսպանիայի Թագավորությունում դեսպանատուն բացելու համար։ Այդ գումարը ներառում է դեսպանատան 4 ամսվա գործունեությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության մամուլի ծառայությունից։

Հայաստանը եւ Իսպանիան, սովորաբար, փոխադարձաբար դեսպաններ են հավատարմագրում համատեղության կարգով (համապատասխանաբար Հռոմից եւ Մոսկվայից): Սակայն ավելի քան երկու տարի է (2008թ.-ի փետրվարից), ինչ Հայաստանը չունի Իսպանիայում հավատարմագրված դեսպան:

Իսպանիան Եվրամիության ամենախոշոր երկրներից է, տարածքով երկրորդը` Ֆրանսիայից հետո, իսկ բնակչությամբ չորրորդը` Գերմանիայից, Ֆրանսիայից եւ Մեծ Բրիտանիայից հետո: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ հայերի թիվն Իսպանիայում այսօր տատանվում է 10-15 հազարի միջեւ, որոնց մեծ մասը ներգաղթել են 1992 թ. հետո:

Հայկական դեսպանատանն աշխատելու են 2 դիվանագետ՝ ամսական 3600 եվրո աշխատավարձով։ Բացի այդ՝ նրանց կտրվի ամսական եւս 650 եվրո՝ ընտանիքի անդամների փոխհատուցման նպատակով։ Դեսպանատան վարչատնտեսական անձնակազմը եւս բաղկացած կլինի 2 հոգուց, սակայն ամսական 1000 եվրո աշխատավարձով: