Կրասնոյարսկի մարզում ինկասատորական մեքենայի կողոպուտը թատերականացված է եղել, որը կազմակերպվել է ոստիկանության եւ ինկասատորների ուսումնական վարժանքների շրջանակներում:
«Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս, Ռուսաստանում հաճախակի են դարձել հարձակումները ինկասատորական մեքենաների վրա, օգոստոսի 9-ին համատեղ ուսումնական վարժանքներ են իրականացրել մարզի ՆԳ գլխավոր վարչության եւ ՌԴ կենտրոնական բանկի «Ռոսինկաս»-ի մարզային վարչության աշխատակիցները: Ըստ թատերականացված վարժանքի, անտառում հայտնաբերվել է ինկասատորական մեքենան, իսկ ինկասատորներն ու մոտ 6 մլն ռուբլին անհետացել են»,- ասել է Կրասնոյարսկի ոստիկանության քրեական վարչության պետ Յուրի Ալտինովը, հավելելով, որ վարժանքները վեր են հանել մի շարք թերություններ, որոնց ուղղությամբ պետք է լուրջ աշխատանքներ տանել:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ըստ լրատվամիջոցների, Կրասնոյարսկում հայտնաբերվել է ինկասատորական մեքենա, որից գողացել են 5,8 մլն ռուբլի (շուրջ 200 հազար դոլար): Երկու ինկասատորներ, որոնցից մեկը եղել է զինված, տարբեր հաստատություններից հավաքել են փողը, որից հետո պետք է վերադառնային ու այն փոխանցեին Կրասնոյարսկի Սովետական շրջանի բանկին: Քանի որ ինկասատորները չեն վերադարձել, նրանց սկսել են փնտրել: Օգոստոսի 9-ի երեկոյան, Երմոլաեւո գյուղի մոտ գտել են դատարկ մեքենան:


























