Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագին մասնակցելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: Պատարագը մատուցելու է Կոնստանդնուպոլսի պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Հատկանշական է, որ 1915 թվականից ի վեր, եկեղեցում պատարագ չի մատուցվել:
Ավելի վաղ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայության ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը հայտնել էր, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն չի մեկնի Թուրքիա եւ չի մասնակցի պատարագի արարողությանը։
Հիշեցնենք, որ 2007-ին վերանորոգված եւ որպես թանգարան գործող Աղթամար կղզու Ս. Խաչ եկեղեցին Վանի նահանգապետի եւ Պոլսո հայոց պատրիարքարանի նախաձեռնությամբ, այս տարվա սեպտեմբերի 19-ին կրկին կվերաբացվի կրոնական արարողությունների համար։ Թուրքական կողմի հավաստիացմամբ, եկեղեցու գմբեթին խաչ կտեղադրվի: Թուրքիայի իշխանությունները Սուրբ Խաչ եկեղեցին վերանորոգելուց ու թանգարանի վերածելուց հետո, թույլ են տվել տարին մեկ անգամ այստեղ պատարագ մատուցել: Հայաստանի որոշ հասարակական կազմակերպություններ դեմ են հայկական կողմի մասնակցությանը պատարագին: Ըստ նրանց՝ հայկական կողմը պետք է բոյկոտի այդ միջոցառումը, քանի որ այն քարոզչական, քաղաքական նպատակներ է հետապնդում, որով Թուրքիան փորձում է ցույց տալ, թե ամեն ինչ անում է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար:
Սուրբ Խաչ եկեղեցում թուրքական իշխանությունների նախաձեռնած միջոցառման հարցը քննարկվել է նաեւ Հայաստանի Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման հանձնաժողովի Պատմական, ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության եւ օգտագործման հարցերով ենթահանձնաժողովի նիստում:
Նկատենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն եւ Մշակույթի նախարարությունը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում նախատեսված պատարագին մասնակցելու պաշտոնական հրավեր թուրքական կողմից առայժմ չեն ստացել:



























