Երեւանի Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի իրականացման նպատակով, օգոստոսի 10-ին Հայաստանի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ ստորագրվել է 5 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր: Այն հանդիսանում է ծրագրի առաջին փուլի համար նախատեսված 15 մլն եվրո ընդհանուր փաթեթի բաղկացուցիչ մասը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, այդ գումարից եւս 5 մլն եվրո վարկ տրամադրվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից, որի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա մարտի 10-ին, իսկ մյուս 5 մլն եվրոն` որպես դրամաշնորհ, կտրամադրի Եվրոպական Միության Հարեւանության Ներդրումային ծրագիրը:
Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին` արտոնյալ, 6-ամսյա EURIBOR + 0,75 տոկոսադրույքով:
Գումարն ուղղվելու է Երեւանի մետրոյի համակարգի վթարային վերականգնման ներդրումային ծրագրի իրականացմանը, որի շրջանակում այս փուլում կվերականգնվի մետրոյի շարժակազմը, կվերանորոգվեն մաշված երկաթուղագծի եւ էլեկտրամատակարարման համակարգի բաղադրամասերը, կփոխվեն տեխնիկական գնացքն ու պոմպակայանները` մետրոյի անվտանգ ու հարմարավետ շահագործումն ապահովելու նպատակով:
Ծրագրի առաջին փուլը նախատեսվում է ավարտել 2012 թվականի վերջին:



























