ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, ելույթ ունենալով հանրային հեռուստատեսությամբ, հայտարարեց, որ Հայաստանում բացառվում են հացահատիկայինների գների արհեստական բարձրացումներ` կապված միջազգային շուկայում առկա իրավիճակի հետ։ «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այս առումով, բիզնեսը չի կարող իր ազդեցությունն ունենալ, քանի որ դա առաջին հերթին երկրի պարենային անվտանգության խնդիրն է»,- ասաց գյուղատնտեսության փոխնախարարը։ Նա նաեւ հավաստիացրեց, որ կառավարությունն իր վերահսկողական լծակներով վերահսկում եւ կարգավորում է գործընթացը։
Փոխնախարարի այս հայտարարությունն, առնվազն, տարօրինակ կարելի է համարել։ Եթե կառավարությունն, իսկապես, վերահսկում է իրավիճակը եւ համոզված է, որ բավարար լծակներ ունի, այդ ինչպե՞ս է, որ հացը թանկացել է մոտ 30 տոկոսով։ Ընդ որում՝ 20 տոկոսով թանկացել է հացի նոմինալ արժեքը, մյուս 10 տոկոսը բաժին է ընկնում քաշի նվազմանը։ Հայաստանի հարեւան պետություններից ոչ մեկում նման իրավիճակ չի գրանցվել՝ ոչ Վրաստանից, ոչ Թուրքիայից, ոչ էլ Ադրբեջանից տեղեկություններ չկան աժիոտաժի մասին։
Երեւանյան խանութներն, առանձին բացառություններով, հիշեցնում են ռազմաճակատային գիծ, որտեղից ամեն օր թանկացումների տհաճ լուրեր են ստացվում։ Այսօր տհաճության հերթը հնդկացորենինն է (գրեչկա)՝ այն միանգամից թանկացել է 20 տոկոսով՝ ի լրումն մեկ շաբաթ առաջվա 5-10 տոկոս թանկացման։ Ամեն ինչ խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք արդեն գների տոտալ թանկացման հետ։ Թանկանում է ոչ միայն պարենը։ Երեւանցիները զարմանքով նկատում են, որ թանկացել է անգամ Թուրքիայից ներմուծվող սպիտակեղենը եւ ներքնազգեստը։
Այս ամենից հետո խոսել կառավարության ինչ-որ լծակների ու ազգային անվտանգության խնդիրների մասին՝ առնվազն տարօրինակ է։



























