Ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը, որը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերն է, պատրաստ է վաճառել ՀԷՑ-ը՝ այն ազգայնացնելու Երեւանից հնչող հայտարարությունների ֆոնին:
Այս խնդրի շուրջ բանակցություններ են ընթանում ռուսաստանահայ գործարարների հետ: Այն, որ «Ինտեր ՌԱՕ»-ն բանակցություններ է վարում «ՀԷՑ»-ի վաճառքի մասին, հաղորդում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով իր վստահելի աղբյուրները:
Պարբերականի տվյալներով, ընկերությունն արդեն բանակցություններ է վարել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի եւ «այլ ռուսաստանցի այլ հայ գործարարների հետ»:
«Ինտեր ՌԱՕ»-ում հրաժարվել են մեկնաբանել ՀԷՑ-ի հնարավոր վաճառքի մասին խոսակցությունները: Երեւանում «Տաշիր գրուպի» ներկայացուցչությունում տեղեկատվությունը հերքել են, իսկ ընկերության Ռուսաստանի գրասենյակում հայտարարել են, որ նման տեղեկություններ չունեն:
ՀԷՑ-ի վաճառքի մասին տեղեկությունները հայտնվել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության ֆոնին, որ ընկերությունը կարող է ազգայնացվել: Շաբաթ՝ հունիսի 27-ին, ՀՀ նախագահը հայտարարել է, որ եթե ապացուցվի, որ էլեկտրաէներգիայի սկագնի բարձրացումը անհիմն է, ապա «հնարավոր է ՀԷՑ սեփականատիրոջ փոփոխություն` չբացառելով նաեւ այն պետությանը վերադարձնելու եւ մրցակցային կառավարման հանձնելու տարբերակը»:
ՀԷՑ-ը Կարապետյանին վաճառելու մասին տեղեկատվությունը հայտնվել է դեռեւս գարնանը: Մարտին «Հայկական ժամանակ» թերթը հայտնել էր, որ «Տաշիր գրուպի» կողմից ՀԷՑ-ը ձեռք բերելու գործարքն արդեն կայացել է: Ավելի ուշ տեղեկատվությունը հերքվել էր:
Սամվել Կարապետյանը Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցանկում է, ըստ Forbes-ի նրա կարողությունը գնահատվում է 4 մլրդ դոլար: Նրա «Տաշիր» ընկերությունը զբաղվում է բնակելի եւ առեւտրային անշարժ գույքով կառավարմամբ, նրա հասույթը 2014-ին կազմել է 105,3 մլրդ ռուբլի:





























