Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Պատգամավորի կարծիքով, Հայաստանը չի կարող իրեն ապահով զգալ՝ լինելով ՀԱՊԿ անդամ:

«Աշխարհում անվտանգության բացարձակ հուսալի համակարգեր չկան, լինի դա ՆԱՏՕ-ն, կամ ՀԱՊԿ-ն, կամ ինչ-որ այլ բան: Մեզ բավարար օրինակներ են հայտնի, երբ երկիրը, որն ընդգրկված է նման կազմակերպության մեջ, անհրաժեշտ օգնություն չի ստացել այս կամ այն ռազմական խնդրի լուծման գործում»,- հիշեցրել է Սաֆարյանը: Նրա խոսքով, ՀԱՊԿ-ն երաշխավոր լինել չի կարող: «Այստեղ մեկ նրբերանգ էլ կա: Ռուսաստանի անհասկանալի սիրախաղը Ադրբեջանի հետ: Եթե Հայաստանի ռազմավարական գործընկերը C-300 է վաճառում մի պետության, որը բաց կերպով ագրեսիա է դրսեւորում Հայաստանի նկատմամբ, դա մտորումների լուրջ տեղիք է տալիս»,- նկատել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը, հավելելով, որ Ռուսաստանի վարքն ուղղակի աբսուրդ է:

«Ռազմավարական գործընկերը պետք է անի ամեն ինչ, որ կայունացնի իրավիճակը տարածաշրջանում, այլ ոչ թե` առեւտրային շահեր հետապնդի»,- ընդգծել է նա: