ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա նիստում անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7,25 տոկոս։ Այս տեղեկատվությունը կարելի էր նաեւ «սովորականների» շարքին դասել, նույնիսկ անուշադրության մատնել, ինչպես անում են ֆինանսական շուկայի մասնակիցները, թեեւ տոկոսադրույքը հասել է բավական բարձր մակարդակի։ Արտասովորն այստեղ այն բացատրությունն է, թե ինչու են վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել անփոփոխ։
«Ներքին պահանջարկով պայմանավորված գնաճային ճնշումների բացակայության եւ տարեսկզբին դրամավարկային պայմանների խստացման արդյունքում ներքին գնաճային միջավայրը շարունակում է մեղմվել»,- նշված է ԿԲ հաղորդագրության մեջ: Այնպիսի տպավորություն է, կարծես մեր գլխավոր դրամատունը ինչ-որ վիրտուալ իրականության մեջ է գտնվում։ Կամ էլ ԿԲ խորհրդի անդամներն առեւտուր են անում հատուկ իրենց համար նախատեսված խանութներում, հատուկ իրենց համար սահմանած գներով։ Այլապես նրանք պետք է նկատած լինեին այն գնային աժիոտաժը, որ առկա է Երեւանի մանրածախ ցանցում։ Միայն վերջին 10 օրում մենք ունենք պարենային ապրանքների միջինը 15 տոկոս թանկացում։ Ընդ որում՝ այդ թանկացումների հիմնական պատճառը ներքին են, արտաքին գնային ազդակներն այսքան արագ ու այսքան ուժեղ ճնշում չէին կարող առաջացնել։
Անշուշտ՝ լավատեսությունը դրական հատկանիշ է, դրա համար չարժե մեղադրել կենտրոնական բանկի խորհրդին, որը հերթական անգամ հավաստիացրել է, որ տարեվերջին գնաճը կլինի «նպատակային միջակայքի վերին սահմանին մոտ»։ Սակայն կեղծ ազդակների հաղորդումը այնքան էլ խրախուսելի չէ։ Գների բարձրացումը բարդ վիճակագրական աղյուսակ չէ, որով կարելի է մանիպուլյացիա անել եւ մոլորության մեջ գցել հանրությանը։ Սա տնտեսագիտության այն մասն է, որից տնային տնտեսուհիներն ավելի լավ են հասկանում, քան բարձրաստիճան չինովնիկները։ Շատ ավելի լավ կլինի գլուխը ավազի կամ տարբեր թանկարժեք հանգստավայրերի ջրերի մեջ խրելու փոխարեն` ուշադիր հետեւել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր շրջապատում։ Իսկ այն, ինչ տեղի է ունենում՝ կոչվում է «իրավիճակը վերահսկելու անկարողություն»։ Դրա հաջորդ դրսեւորումը՝ «իրավիճակը կոծկելու քաղաքականությունն է»։ Ահա, այդ վերջին մասով ԿԲ ղեկավարությունից կարելի է նաեւ վարպետության դասեր առնել։
Սամվել Ավագյան



























