Իրանի կառավարությունը Լիբանանին իր օգնությունն է առաջարկել` ԱՄՆ-ի փոխարեն, որը նախօրեին սառեցրել էր ԼԻբանանին հատկացվող օգնությունը: Իրանի օգնության հարցը քննարկվելու է նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ Բեյրութ կատարելիք այցի ընթացքում: Նախնական տվյալներով, Իրանի նախագահը Լիբանան կմեկնի Ռամադան ամսվա վերջին, հաղորդում է NEWSru Israel-ը:

Լիբանանա-իրանական պաշտոնական համագործակցության գաղափարն առաջ է քաշել այդ երկրում Իրանի դեսպան Ղազանֆար Աբադին՝ Լիբանանի ռազմական ղեկավարության հետ հանդիպման ժամանակ:

ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչ Ֆրեդերիկ Հաֆը, ով նախօրեին է ժամանել Լիբանան, հանդիպել է բանակի գլխավոր շտաբի պետ Ժան Քահվաջիի հետ եւ կոչ արել չընդունել իրանական օգնությունը:

Հիշեցնենք, որ օրերս Կոնգրեսի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը սառեցրել էր ԼԻբանանին հատկացվող 100 միլիոն դոլար ռազմական օգնությունը՝ Իսրայելի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպի պատճառով: