ԱՄՆ-ում սկսվել է Գուանտանամոյի ամենաերիտասարդ բանտարկյալի՝ Կանադայի քաղաքացի Օմար Հադրի դատավարությունը: Հանցագործության կատարման ժամանակ նա եղել է 15 տարեկան: Այժմ Օմար Հադրը 23 տարեկան է, նա մեղադրվում է, որ 2002թ., Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողությունների ժամանակ նռնակ է նետել ԱՄՆ բանակի զինվորների խմբի մեջ, որի արդյունքում զոհվել է հատուկ նշանակության ուժերի սերժանտ Քրիստոֆեր Սփիրը, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով BBC-ն:

Գործը քննում են ռազմական դատարանի 15 ատենակալները: Նրանք միաձայն նշել են, որ Հադրին պետք է դատել այն չափորոշիչներով, որով դատում են մեծահասակներին, թեեւ հանցագործության պահին նա անչափահաս է եղել:

ԱՄՆ կառավարության տվյալներով, կասկածյալի հայրը՝ Ահմեդ Սաիդ Հադրը եղել է Ալ-Քաիդայի ղեկավարներից մեկը եւ սպանվել է Պակիստանում 2003թ.:

Դատավարությանը մասնակցում է ՄԱԿ-ի ներկայացուցիչը, ով հայտնել է, թե տվյալ դատաքննությունը մանկահասակ զինվորներին դատելու վտանգավոր նախադեպ կստեղծի: Ինքը՝ Հադրը հայտարարել է, թե իրեն կտտանքների են ենթարկել: