«2011 թվականի հունվարի մեկից Հայաստանում ապահովագրական բիզնեսի բում է սպասվում»,-տեղեկացնում է թերթը՝ շարունակելով. «Ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրությունն օրենքի ուժ է ստանալու, իսկ սա նշանակում է, որ Հայաստանում կապահովագրվեն 410 հազար մեքենաներ: Յուրաքանչյուր մեքենա վարող՝ անկախ ցանկությունից եւ կարողությունից, պարտավոր է լինելու ամեն ամիս միջինը 3 հազար դրամ մուծել ապահովագրական ընկերություններին: «Սովորական ապահովագրական գործունեություն է ծավալվելու: Այսօր քաղաքացիներն իրականացնում են այդ նույն ապահովագրությունը, միայն թե կամավորության սկզբունքով: Հունվարի մեկից նրանք դա անելու են պարտադիր»,-բացատրել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Խոսքը նաեւ պետական մեքենաներին է վերաբերում, թեեւ Գագիկ Մինասյանը դժվարացել է նշել, թե քանի մեքենայից է կազմված ՀՀ պետական ավտոպարկը՝ նախարարությունների, կոմիտեների, կառավարության, մարզպետարանների եւ այլ մարմիների ու պետական հիմնարկների ծառայողական տրանսպորտը: Օրենքն ընդունելիս չի հաշվարկվել նաեւ, թե գոնե մոտավորապես ի՞նչ գումար է պահանջվելու հարկատուներից այս ամբողջ մետաղակույտն ապահովագրելու համար, կամ էլ հաշվարկվել է, բայց հարկատուներից գաղտնի է պահվում: Ֆինանսների նախարարությունում եւս չգիտեն, թե քանի մեքենա ունի պետությունը: Այստեղ դժվարանում են գոնե նախնական որեւէ թիվ նշել, հույս ունենալով, որ հարկատուները կհավատան երկրի գլխավոր ֆինանսիստի անտեղյակությանը»: Թերթը գրում է նաեւ, որ պետական պատվերներն առաջին հերթին «մեջ-մեջ» են անելու «Ինգո-Արմենիա», «Ռեոս», «Գարանտ-լիմենս» ՓԲԸ-ները: Այս ապահովագրական ընկերությունները, ըստ թերթի, գործում են ազդեցիկ պետական գործիչների եւ օլիգարխների տանիքի տակ:




























