Ռուսաստանի հանրային խորհրդի անդամ, հայտնի հեռուստահաղորդավար Թինա Կանդելակին «Ֆոնտանկային» տված հարցազրույցում հայտարարել է, թե անձամբ է հանդիպել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին. «Մի քանի տարի առաջ երբ ես Վրաստանում էի, Սահակաշվիլին ինձ SMS ուղարկեց անգլերենով, որտեղ գրել էր, թե ես բացառիկ հնարավորություն ունեմ ոչ պաշտոնական մթնոլորտում շփվելու Վրաստանի նախագահի հետ: Ես համաձայնեցի»:
Հարցին, թե ի՞նչ տպավորություններ է ստացել նախագահից, Կանդելակին պատասխանել է. «Նա գիտի ռուս գրականությունն ու պոեզիան, այնպես, ինչպես չգիտեն ռուսներից շատերը: Նա հրաշալի արտասանում է արծաթե դարի պոետներին: Դա ապշեցնում, բայց ավելի շատ հիասթափեցնում է, քանի որ հասկանում ես, թե ինչպես նա կարող է օգտագործել այդ գիտելիքները: Մարդը, ով, քայլելով Նյու Յորքում կարող է անգիր Ախմատովա արտասանել, ապա հրապարակել «Վրաստանի դեմ ռուսական ագրեսիայի 200 տարին» դասագիրքը... Ի՞նչ է դա, եթե ոչ` անկայուն հոգեկերտվածք: Սահակաշվիլին ապրում է յուրօրինակ աշխարհում, իրեն թվում է, թե վերահսկում է իրավիճակը, մինչդեռ իրավիճակն է վերահսկում իրեն: Կրկնվեմ, Սահակաշվիլին կրթված, կարդացած, բայց հիվանդ մարդ է, եւ դա ակնհայտ է»:




























