Վերջին տվյալներով՝ միջազգային շուկաներում երեկ կեսօրից հետո վերսկսվել է հացահատիկի գների աճը, երբ տեղեկություններ են ստացվել, որ Ուկրաինայի հացահատիկ արտահանողների խմբերը դիմել են կառավարությանը՝ խնդրելով հացահատիկայինների արտահանման էմբարգո մտցնել։ Ի հետեւանք՝ Չիկագոյի ապրանքային բորսայում ցորենի 1 բուշելի (27,3 կգ) գինը փոքր ինչ (0,7 տոկոսով) բարձրացել է եւ կազմել 7,48 դոլար։ Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
Նշենք, որ վերջին շաբաթվա ընթացքում ամենաբարձր՝ պիկային գինը եղել է 8,68 դոլար։ Մինչ Ուկրաինայից ստացվող տեղեկությունները՝ ցորենի գինը նվազման միտում ուներ։
Փորձագետների մեծ մասի կարծիքով՝ առաջիկա շաբաթների ընթացքում հացահատիկայինների գների վրա որոշիչ կլինի այն իրավիճակը, որը կծավալվի սեւծովյան ավազանի հյուսիսային մասում, ուր խաչվում են Ուկրաինայի, Ղազախստանի եւ Ռուսաստանի ցորենի արտահանման ուղիները։
Հացահատիկի համաշխարհային շուկաների մոնիտորինգն իրականացնող F.O.Licht վերլուծական ծառայության մասնագետների վերջին գնահատումներով՝ ընթացիկ ագրարային տարում, որն ավարտվում է 2011 թ. հունիսին, ցորենի համաշխարհային արտադրությունը կհասնի 645,7 մլն տոննայի։ Դա 10,7 մլն տոննայով քիչ է նախորդ գնահատականի համեմատ։ Փորձագետները բերքի մասնակի կորուստներ են կանխատեսում Կանադայում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ղազախստանում, Պակիստանում։ Ռուսաստանի վերաբերյալ F.O.Licht-ի գնահատականը կազմում է 44 մլն տոննա, որը 21 տոկոսով պակաս է հուլիսի գնահատականից։
Ըստ հացահատիկի շուկայի թրեյդերների՝ աշխարհի խոշորագույն սպեկուլյատիվ ֆոնդերը ներկայում ակտիվորեն գործում են այդ շուկայում, որը ստեղծում է առավելագույն անորոշության իրավիճակ։



























