Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգումն, ընդհանուր առմամբ, դրական նշանակություն կունենա Հայաստանի անվտանգության ամրապնդման համար: Այս մասին օգոստոսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ՍԴՀԿ անդամ Վարդան Խաչատրյանը:  Նա, անդրադառնալով ռազմաբազաների տեղակայման վերաբերյալ փաստաթղթում նախատեսված փոփոխություններին, դրանց շարքում առանձնացրեց մի քանի կետեր, որոնք, իր դիտարկմամբ, դրական են:

Ըստ այդմ՝ դրական է այն կետը, ըստ որի Հայաստանի հյուսիսային սահմանի պաշտպանության պատասխանատվությունը Ռուսաստանն իր վրա է վերցնում: «Այսօր գոյություն ունի ագրեսիայի միտում՝ նաեւ Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանների ուղղությամբ: Այս հարցերում պետք է ձեռք բերվի որոշակի պայմանավորվածություն. եթե Հայաստանը մտնում է ՀԱՊԿ-ի վերահսկողական հատվածի մեջ, եւ որպես դաշնակից՝ գտնվում է պաշտպանության ներքո, այդ դեպքում ի՞նչ է լինելու այն ժամանակ, երբ ադրբեջանական  ուժերը հարվածի ուղղությունը տեղափոխեն Իջեւանի շրջան կամ ասենք, Տավուշի հատված»,- նշեց Խաչատրյանը: Ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգումը, թեեւ դրական կողմեր ունի, սակայն, ըստ Խաչատրյանի, Հայաստանը պետք է միշտ  պատրաստ լինի պատերազմին՝ անկախ ամեն ինչից: «Մենք պետք է ե՜ւ մեր անվտանգությունը բարձրացնենք, ե՜ւ միեւնույն ժամանակ ունենանք այն ռեսուրսը, որը կկարողանանք պատերազմի վերսկսման դեպքում օգտագործել՝ հույսներս չդնելով այլոց վրա»,- նշեց նա: