Եթե ադրբեջանական կողմը գնի Ռուսաստանը Հայաստանին կապող գազատարի՝ Վրատանի տարածքով անցնող հատվածը, ապա սատանան թաքնված է լինելու մանրուքների մեջ: Այս մասին, օգոստոսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը՝ անդարադառնալով հարցին, թե հնարավոր վաճառքի դեպքում այդ գործարքն ի՞նչ վտանգներ կարող է ունենալ Հայաստանի համար: «Պետք չէ կարծել, որ ադրբեջանցիները փակելու են գազամուղը եւ Հայաստանը հայտնվելու է ծանրագույն վիճակում: Այդպիսի հնարավորություն, թերեւս, չեն ունենալու: Բայց եթե տեխնիկական մանր խորամանկություններ անգամ կիրառվեն, մենք կունենանք լրջագույն պրոբլեմներ ձմռան ընթացքում»,-ասաց Խաչատրյանը:
Նա պարզաբանեց, թե ադրբեջանական կողմը կարող է գազամուղի մեջ օդ մղել ու ճնշումը պահել այն մակարդակի վրա, որը պետք է ֆիքսեն չափիչ սարքերը եւ Հայաստանը կարող է, ասենք, 10 անգամ ավելի շատ գազ սպառել՝ նախատեսված ջերմաստիճանը ստանալու համար»,-նշեց պատգամավորը:
Ինչ վեաբերում է Իրան-Հայաստան գազամուղին, ապա, Խաչատրյանի խոսքով, «չկա ռեալ բնութագիր այն մասին, որ այն ի վիճակի է բավարարել
ամբողջ Հայաստանին», քանի որ գազամուղի տրամաչափը փոքր է: «Եւ բացի այդ, արդյոք Իրանի կայունությունը կլինի՞ այնպիսին, որ մենք հնարավորություն ունենանք այդ գազամուղն օգտագործել որպես անվիճելի խաղաքարտ կամ լիարժեք այլընտրանք»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին, հուլիսի 2-ին ելույթ ունենալով երկրի խորհրդարանում, հայտարարել էր գազատարի բաժնետոմսերի 10-15 տոկոսը լոնդոնյան բորսայում տեղադրելու հնարավորության մասին: Ռուսաստանից Հայաստան գազատարի 10-15 տոկոս բաժնետոմսերի պոտենցիալ գնորդների շարքում նշվում են ռուսական «Գազպրոմը», ղազախական «Կազմունայգազը» եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը:



























