Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պատասխանել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի այն հայտարարությանը, որտեղ վերջինս նշել էր, թե վստահ չէ, որ Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին մասնակցելու Մայր Աթոռի որոշումը ծնվել է Սուրբ Էջմիածնում:
«Տիար Մանոյանի ասածի առնչությամբ հարկադրված ենք արձանագրել, որ այն անպատասխանատու հայտարարություն է եւ զուտ երեւակայության արգասիք: Խորհուրդ պիտի տայինք, որ յուրաքանչյուր անձ խորհրդածեր իր եւ կամ իր կազմակերպության մտքերի ծննդավայրի շուրջ եւ չզբաղվեր անհարկի գուշակություններով»,- ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում պատարագ է մատուցվելու, որին մասնակցելու են Մայր Աթոռի երկու ներկայացուցիչներ:



























