ՀՅԴ հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը հարկ չի համարում արձագանքել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությանը, նշելով, որ այդ հայտարարությանը հրապարակավ պատասխանելով ջուր կլցնի «թուրքական սադրանքի ջրաղացին»:

«Ես իմ ասելիքն ասել եմ, նրանք էլ իրենց ասելիքն են ասել: Կարդացողը թող կարդա եւ իր եզրակացություններն անի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Մանոյանը: Նա նաեւ պնդեց «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր այն հայտարարությունը, թե սխալ է համարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների մասնակցությունը Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին: Նա ասել էր, թե վստահ չէ, որ այդ միտքը ծնվել է Սուրբ Էջմիածնում:  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մանոյանը բացեց փակագծերը՝ նշելով. «Միջոցառմանը մասնակցելու գաղափարի հեղինակը եղել է Պոլսո հայոց պատրիարքարանից»,-ասաց Մանոյանը:

Դաշնակցական գործիչը կրկին պնդեց իր այն միտքը, թե նախատեսված միջոցառումն ընդամենը թուրքական սադրանք է. «Ի՞նչ է նշանակում, եկեղեցին թանգարան են սարքել եւ այդ թանգարանի մեջ պատարագի արտոնություն են թույլ տալիս եւ մենք էլ լեգիտիմացնում ենք դա»,-նշեց նա:   

Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  տարածած հայտարարության մեջ ասված է. «Տիար Մանոյանի ասածի առնչությամբ հարկադրված ենք արձանագրել, որ այն անպատասխանատու հայտարարություն է եւ զուտ երևակայության արգասիք։ Խորհուրդ պիտի տայինք, որ յուրաքանչյուր անձ խորհրդածեր իր և կամ իր կազմակերպության մտքերի ծննդավայրի շուրջ և չզբաղվեր անհարկի գուշակություններով»: