Հայկական պատվիրակությունը մասնակցելու է Ստամբուլում կայանալիք գործարար համաժողովին, որը կազմակերպվում է «Թուրքիայի արտաքին տնտեսական կապերի խորհրդի» (DEIK) եւ հնդկական «Արդյունաբերողների եւ առեւտրային պալատների դաշնության» կողմից:

Համաժողովի անցկացման նպատակն է կապեր հաստատել թուրք, հնդիկ գործընկերների, նաեւ ԱՊՀ երկրների գործընկերների հետ: Մասնավորապես, թուրքական ընկերությունների հետ նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ` մսի մշակման փորձի փոխանակում կկատարվի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միութան ղեկավար Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով, հայկական կողմից գործարար համաժողովին մասնակցելու են Ֆերմերների եւ կաշեգործների միության, «Բիզնեսին ընդառաջ», «Նոր ծրագրեր» (IT), «Ա.Օհանջանյան» (մսամթերքներ), «Հմայակ Հովհաննիսյան» (լոգիստիկա, ավտոտրանսպորտի վերանորոգում) ընկերությունները: Նա նաեւ նշել է, թե համագործակցության նման ձեւաչափը առաջարկվել է Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի կողմից:

Ակնկալվում է, որ 11 երկրների մասնակցությամբ, Ստամբուլում օգոստոսի 23-25-ին կայանալիք համաժողովին կմասնակցեն հայկական 5 ընկերություններ: