ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր  Կարո Կարապետյանը հերքում է մամուլի այն տեղեկությունը, ըստ որի օգոստոսի 8-ին Երեւան-Բարսելոնա չվերթը մի քանի ժամով հետաձգվել է իր որդու՝ Վիլիկ Կարապետյանի պատճառով: Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, ինքնաթիռը կանգնեցվել է՝ Վիլիկ Կարապետյանի հրահրած «դեբոշի» պատճառով: Ըստ նույն հրապարակման՝ պատգամավորի որդին այժմ ծառայում է բանակում եւ չպետք է գտնվեր ինքնաթիռում:

«Էդ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Տղաս չի ծառայում, տղաս ընդունվել է Գիտություններ ազգային ակադեմիայի մագիստրատուրա, նա առաջին կուրսի ուսանող է, ինքնաթիռում էլ չի եղել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց Կարապետյանը՝ միաժամանակ հավելելով, թե ամեն կերպ փորձելու է ճշտել, թե ո՞վ է հրապարակման հեղինակը: «Ես էնքան ապուշ եմ, որ իմ երեխան բանակ ծառայի ու ես թողնեմ գնա  Իսպանիա՞»,-տարակուսեց պատգամավորը: Նա, ի դեպ, հավելեց, որ իր ավագ որդին ժամանակ առաջ ամուսնացել ու կնոջ հետ մեկ ամիս առաջ մեկնել է Ֆրանսիա եւ վերադարձել: Իսկ կրտսեր որդին՝ Վիլիկը, այժմ Հայաստանում է եւ ոչ մի տեղ չի մեկնել:    

NEWS.am-ը փորձեց ՀՀ ոստիկանությունից ճշտել նշված տեղեկության իսկությունը:  Ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը հայտնեց, որ  ոստիկանությունը նման տվյալների չի տիրապետում: