Օգոստոսի 15-ին` կիրակի օրը, Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է եւ Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Տիրամայրը Հայ եկեղեցու սրբերի մեջ ամենասիրվածն է: Տոնը նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը  (օգոստոսի 12-18), ունի շաբաթապահք, նավակատիք եւ մեռելոց:

Արարատյան հայրապետական թեմի Մամլո դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ այս տոնն առանձնահատուկ է նրանով, որ օգոստոսի այս շրջանում հասունացող խաղողի օրհնության ծեսով է պայմանավորված: Այսինքն՝ տոնի օրը, Ս. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել: Օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը: Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչեւ հաջորդ տարվա խաղողօրհնեքը`  որպես լիառատության ապահովման նշան:

Բացի խաղողն օրհնելուց, շատ վայրերում մարդիկ օրերով պատրաստվում էին Ս. Մարիամ Աստվածածնի անունը կրող եկեղեցիներում օգոստոսյան ուխտագնացության, մատաղ անում եւ խնջույքներ կազմակերպում, որտեղ իր պատվավոր տեղն ուներ խաղողը:

Օգոստոսի 15-ին  բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ, կկատարվի  Խաղողօրհնեքի կարգ: Խաղողի օրհնված ոստերը կբաժանվեն ներկա մարդկանց: Օգոստոսի 16-ը ննջեցյալների հիշատակության օրն է: Եկեղեցիներում կմատուցվի Հոգեհանգստյան պատարագ: