Պերուի հնդկացիները հայտարարել են նախագահական ընտրությունների նախօրեին քաղաքական կուսակցություն ստեղծելու իրենց մտադրության մասին: Նախագահական ընտրություններն այդ երկրում կայանալու են 2011 թվականին:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, բնիկ ժողովուրդների շարժման առաջնորդ Ալբերտո Պիսանյոն արդեն հայտնել է, որ սկսել է անհրաժեշտ ստորագրություններ հավաքել: Նրանք ծրագրում են կուսակցությունը գրանցել սեպտեմբերին: Պիսանյոյի խոսքով, իրենք պաշտպանելու են Պերուի բնիկների իրավունքները, նաեւ պայքարելու են արեւադարձային անտառները կտրելու եւ նավթի արդյունահանումից բնությունն աղտոտելու դեմ:
Ինքը՝ Պիսանյոն մտադիր է առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում: Հատկանշական է, որ ներկայումս նրա դեմ քրեական գործ կա հարուցված: 2009թ. հունիսին ցույցերի ժամանակ բախում էր տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանության միջեւ, որի արդյունքում զոհվել էր 34 հոգի, այդ թվում՝ 11 ոստիկան:
Հնդկացիները, որոնք փոքրամասնություն են Պերուում, փոքր ազդեցություն ունեն երկրի քաղաքական կյանքում: Պաշտոնական տվյալներով, 28 միլիոնից հնդկացի են 400 հազարը, թեեւ Պիսանյոն պնդում է, որ իրական թիվը 1 միլիոն է:




























