Հայաստանի արտգործնախարարությունը Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին մասնակցելու պաշտոնական հրավեր թուրքական կողմից առայժմ չի ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Հայաստանի մշակույթի նախարարությունը նույնպես առայժմ որեւէ հրավեր չի ստացել: Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը հայտնեց, որ քանի որ Թուրքիայի հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ, ապա հրավերքը պետք է փոխանցվի Հայաստանի ԱԳՆ-ի միջոցով:

Հիշեցնենք, որ Աղթամար կղզու Սուրբ  Խաչ եկեղեցին Վանի նահանգապետի եւ Պոլսո հայոց պատրիարքարանի  նախաձեռնությամբ այս տարվա սեպտեմբերի 19-ին կրկին կվերաբացվի կրոնական արարողությունների համար։ Եկեղեցին վերանորոգվել է 2007-ին եւ գործելու է որպես թանգարան: Թուրքական կողմի հավաստիացմամբ, եկեղեցու գմբեթին խաչ կտեղադրվի: Թուրքիայի իշխանությունները թույլ են տվել տարին մեկ անգամ այստեղ պատարագ մատուցել: