ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի արձակուրդում գտնվելու պատճառով կառավարության նիստն այսօր` օգոստոսի 12-ին, վարեց փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։ Ինչպես հայտնի է՝ Տ. Սարգսյանը կառավարության նիստերին 5-10 րոպե ուշանալու սովորություն ունի։ Փոխվարչապետն, ընդհակառակը, նիստն սկսեց ուղիղ ժամը 11.00-ին՝ վայրկյանների ճշտությամբ։ Բայց այնուհետեւ, պարզապես, գլխառադ արեց նիստը՝ արագ-արագ անցնելով որոշումների վրայով։ Այդպես. 37 րոպեի ընթացքում հաստատվեց 44 հարց։ Որեւէ հարցի վերաբերյալ հատուկ մեկնաբանություններ չեղան, ինչից չի խուսափում Տ. Սարգսյանը։
Օրակարգից անհայտ պատճառներով հանվել էր հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերից մեկը՝ Հնդկաստանից գոմեշի մսի ներկրման նկատմամբ վերահսկողության խստացման հարցը։
Չնայած այս ժամանակահատվածում հասարակությանը հուզող բազմաթիվ հարցեր կան՝ կապված գնաճի, պարենային ապահովման հետ, փոխվարչապետը որոշեց, որ նիստից հետո բրիֆինգը պետք է անցկացնի կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ներկայացուցիչը։ Սակայն կոմիտեի ղեկավարը՝ Երվանդ Զախարյանը, նիստից հետո արագ հեռացավ՝ բրիֆինգը հանձնարարելով իր տեղակալներից մեկին, բայց վերջինս էլ մեկնեց օդանավակայան։ Լրագրողներին առաջարկեցին սպասել, մինչ նա կբարեհաճի օդանավակայանից վերադառնալ, իսկ դա տեւեց մոտ 1 ժամ։ Մի խոսքով՝ անհետաքրքիր նիստ էր...




























