Մասաչուսեթսի Առաջին օկրուգի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը, որով մերժվում էր ոմն Գրիսվոլդ Դրիսկոլի հայցը: Վերջինս պահանջում էր Մասաչուսեթսի ուսումնական ծրագրում ներառել Հայոց ցեղասպանությունը հերքող գրականություն:

Դատարանն այդ վճիռը կայացրել է միաձայն ՝ ի գիտություն ընդունելով ԱՄՆ Գերագույն դատարանի նախկին դատավոր Դեվիդ Սաութերի դիմումը: Ինչպես NEWS.am-ին հայտնում են Ամերիկայի հայկական համագումարից, գործը հայտնվել էր դեռ 2005թվականին, երբ Ամերիկայի թուրքական ասոցիացիաների դաշնությունը եւ նրանց դաշնակիցները մտադրվել էին ձախողել Հայոց ցեղասպանության դասերի ուսուցանումը՝ պարտադիր դասապրոցեսում ցեղասպանությունը հերքող գրականություն մտցնելով:

Դատարանը որոշում է կայացրել, որ Հայոց ցեղասպանության մասին գրականությունն, ավելի շուտ մտնում է դպրոցական գրականության, քան դպրոցական գրադարանների ծրագրում, եւ անգամ եթե  գրադարաններն ընդունեն այդ փոփոխությունը, օրենքը թույլ չի տալիս հերքել ցեղասպանությունը: