Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գների վերահսկում եւ կարգավորում չի իրականացնում: Այս մասին օգոստոսի 12-ին, կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարեց Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։

«Ես հատուկ հայտարարությամբ հանդես եմ գալու մեր հասարակության համար, մեր հիմնական նպատակը մրցակցային հավասար պայմանների ստեղծումն է։ Գների փոփոխություններն այնքանով են մեր ուշադրության կենտրոնում, որքանով դրանք տեղի են ունենում բարձր կենտրոնացվածությամբ շուկաներում։ Նկատի ունեմ գերիշխող սուբյեկտների առկայությունը»,-ասաց Շաբոյանը։

Անդրադառնալով կարտոֆիլի եւ այլ պտուղ-բանջարեղենի գներին՝ Շաբոյանն ասաց, որ այդ դաշտը ամբողջությամբ իրենց վերահսկողությունից դուրս է, քանի որ այդ ոլորտում բազմաթիվ տնտեսվարողներ կան։ Ձվի շուկայի հետ կապված Հանձնաժողովի նախագահն ասաց, որ այնտեղ ամեն ինչ արդեն կարգավորված է։ Ալյուրի եւ հացի շուկաներում իրականացված ուսումնասիրության արդյունքները Ա. Շաբոյանը խոստացավ հրապարակել առաջիկայում։