Դոկու Ումարովի «Ռիյադուս Սալիխիյն» խմբավորումն իր վրա է վերցրել օգոստոսի 9-ին «Գազպրոմի» գրասենյակի մերձակայքում ավտոտնակներից մեկի մոտ տեղի ունեցած պայթյունը: Այդ մասին հաղորդում է «Կավկազ Online»-ը՝ վկայակոչելով գրոհայինների կայքը:

Գրոհայինների խոսքով, պայթյունը իրականացվել է Ումարովի հրամանով: Ընդ որում, նրանք նշում են, որ իրենց նպատակը եղել է ոչ թե մարդկանց սպանելը, այլ` ապացուցելը, որ իրենք կարող են դիվերսիոն գործողություններ կատարել լավ պահպանվող օբյեկտների դեմ, գործնականում ցանկացած կետում:

Գրոհայինները նաեւ նշել են, որ չնայած ռուսական ղեկավարության հավաստիացումներին՝ գրոհայինների նկատմամբ հաղթանակի մասին, «պատերազմը ոչ միայն չի ավարտվել, այլ ընդհակառակը, արդեն եկել է ձեր տներ եւ հարմարավետ աշխատասենյակներ»:

Ումարովի գրոհայիններն առանց ուշադրության չեն թողել նաեւ բնական հրդեհների թեման, որոնք մոլեգնում են Ռուսաստանի տարածքում: Նրանց խոսքով, այդ հրդեհները «իրենք իրենց չեն եղել»: