Աղիքային հիվանդությունների դեպքերն այս տարի աճ չեն արձանագրել:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության համաճարակաբանության բաժնի պետի Լիլիթ Ավետիսյանը: Նրա խոսքով՝ աղիքային ինֆեկցիաներն աշխուժանում են հատկապես ամռան ամիսներին, ինչին նպաստում են շոգ եղանակը, պտուղ-բանջարեղենի օգտագործումը, ճանճերը, դեկորատիվ լողավազաններում լողանալը եւ այլ գործոններ: «Երբ դիտարկում ենք անցած մի քանի տարիների դինամիկան, աղիքային հիվանդությունների դեպքերն այս տարի աճ չեն արձանագրել: Կարեւոր է, որ այս պահին չունենք աղիքային վարակի բռնկումներ»,-ասաց Ավետիսյանը:
Մասնագետի խոսքով՝ աղիքային հիվանդությունները, որպես կանոն, փոխանցվում են բերանի խոռոչի միջոցով: Դրա աղբյուր կարող են լինել սենյակային ջերմաստիճանում պահվող սննդամթերքը, վատ լվացված բանջարեղենը, ճանճերը, ֆրեզերային պաղպաղակը, կրեմային թխվածքները, որոնք սառնարանային պայմաններում չեն պահվել, պատահական վայրերից գնված կոտլետները եւ վերջապես՝ կեղտոտ ձեռքերը: Լիլիթ Ավետիսյանը աղիքային հիվանդություններից խուսափելու համար խորհուրդ տվեց խստորեն հետեւել ձեռքերի հիգիենայի պահպանմանը, չսնվել սննդի վաճառքի համար չնախատեսված վայրերում, օգտագործելուց առաջ լավ լվանալ միրգն ու բանջարեղենը եւ ճիշտ պահպանված սննդամթերք օգտագործել: «Խորհուրդս տնային տնտեսուհիներին՝ եթե ճաշ եք եփում, ապա եփեք այնքան, որ այն վերջանա ու չմնա հաջորդ օրերի համար: Իսկ եթե բոլոր դեպքերում ճաշից մնացել է, ապա այն պետք է պահել փակ տարայում եւ անպայման սառնարանային պայմաներում»,-նշեց նա: Ավետիսյանի խոսքով՝ աղիքային հիվանդություններով վարակվելու հակում ունեն բոլոր տարիքային խմբերը: Սակայն հատկապես երեխաների շրջանում վարակման դեպքերն ավելի տարածված են: Պատճառն այն է, որ նրանք չեն պահպանում հիգիենայի կանոնները: ՀՀ առողջապահության նախարարության համաճարակաբանության բաժնի պետը
խորհուրդ տվեց աղիքային հիվանդությամբ վարակվելու դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ եւ անհապաղ դիմել բժշկի: Հիվանդի վիճակից կախված, ըստ մասնագետի, հիվանդությունը կարող է բուժվել մի քանի օրվա ընթացքում: «Հնարավոր է՝ մի քանի հեղուկներ նշանակվեն, որոնց միջոցով աղային բալանսն օրգանիզմում պահպանվի եւ հիվանդի վիճակը լավանա: Իսկ եթե հիվանդությունը խորացած լինի, ապա անհրաժեշտ կլինի դիմել դեղորայքի եւ կարճ ժամանակում հիվանդությունը կհաղթահարվի»,-նշեց մասնագետը:



























