Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի եւ իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջանաթիին, ում գլխավորած պատվիրակությունն այս օրերին Երեւանում մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար» խորագրով միջազգային կոնֆերանսին:

Ընդգծելով, որ հայ եւ իրանցի բարեկամ ժողովուրդներն իրենց դարավոր պատմության ընթացքում աշխարհին բարձրարժեք հարուստ մշակութային ժառանգություն են ավանդել, եւ երկու ժողովուրդները բազում ընդհանրություններ ունեն, նախագահը նշել է, որ այդ ընդհանրություններում, անկասկած, նշանակալի տեղ է զբաղեցնում մշակույթը:

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ մշակույթի ոլորտում ձեւավորված երկկողմ կապերը ամուր հիմք են ստեղծում հայ-իրանական միջպետական հարաբերությունները քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում զարգացնելու եւ խորացնելու համար:

ՀՀ նախագահը եւ Իրանի մշակույթի եւ իսլամական առաջնորդման նախարարը համակարծիք են եղել, որ Հայաստանի եւ Իրանի՝ բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերությունների զարգացման որեւէ սահամանափակում չկա եւ երկկողմ կապերի առավել ամրապնդման համար կարեւորել են հաճախակի փոխայցելությունները: «Դժվարությունները ժամանակավոր են, մեր բարեկամությունը՝ հավերժական: Պետք է ամեն ինչ անել ամրապնդելու եւ ընդլայնելու զարգացման մեծ ներուժ ունեցող հայ-իրանական հարաբերությունները՝ ի բարօրություն երկու ժողովուրդների եւ ի նպաստ մշակույթների: Մենք միմյանցով հարստանում եւ հարստացնում ենք միմյանց՝ մեր ողջ պատմության ընթացքում աշխարհի հետ շփվելով մեր մշակույթների հարուստ լեզվով»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության նախագահը կարեւորել է ցանկացած նախաձեռնություն՝ ուղղված երկու երկրների եւ ժողովուրդների պատմության, մշակույթի եւ ավանդույթների ճանաչողության բարձրացմանը:

Հայաստանի եւ Իրանի միջեւ մշակութային հարաբերությունները, Սերժ Սարգսյանի գնահատմամբ, ունեն դինամիկ զարգացման միտում եւ ընդգրկում են մշակույթի գրեթե բոլոր ոլորտները՝ կինո, թատրոն, գրականություն եւ այլն:

Նախագահը գոհունակությամբ է նշել, որ մշակութային ժառանգության պահպանման շրջանակում համագործակցությունը վերջին տարիներին ստացել է որակական նոր դրսեւորումներ: Նա շնորհակալություն է հայտնել Իրանի տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ կատարվող աշխատանքի եւ այդ ժառանգության նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար, վստահեցնելով, որ Հայաստանում եւս իրանական պատմամշակութային ժառանգության նկատմամբ նույնպիսի վերաբերմունք կա: