ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որտեղ դատապարտում է Բաքվի կողմից ռազմագերիների եւ պատանդների խնդրի քաղաքականացումը:
«Քարոզչական կասկածելի շահաբաժիններ ստանալու նպատակով Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ռազմագերիների մարդասիրական հիմնախնդրի շահարկումը, ստորաբար օգտագործելով ադրբեջանական գերության մեջ հայտնված հայազգի քաղաքացիներին:
Նրանք, որ դարձել են Ադրբեջանի լրատվամիջոցների թիրախ, պատմում են «հայկական բանակի անտանելի պայմանների եւ Ադրբեջանում բարեկեցիկ կյանքի մասին»:
Կասկած չկա, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների այդօրինակ ցուցադրական խաղը հանդիսանում է ֆիզիկական եւ բարոյա-հոգեբանական ճնշումների արդյունք:
Ցինիկաբար օգտագործելով հայ ռազմագերիներին, Ադրբեջանի իշխանությունները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես, Ժնեւյան համաձայնագրերի նորմերը, որոնք նախատեսում են տվյալ խմբի անձանց հետ վարվեցողության որոշակի կանոններ:
ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եի անհայտ կորածների պետական հանձնաժողովը խստորեն դատապարտում է ռազմագերիների եւ պատանդների բացառապես մարդասիրական հիմնախնդրի քաղաքականացումը պաշտոնական Բաքվի կողմից»,- ասված է հայտարարության մեջ:



























