Թերթը նախագահական հին՝ «ՏՈՒ-134» օդանավը աճուրդի հանելու կառավարության որոշման վերաբերյալ  զրուցել է ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի հետ: «Եթե մտածում են նախագահի կյանքի անվտանգության մասին, ինչի՞ չեն մտածում սովորական քաղաքացու անվտանգության մասին: Եթե շահագործման վտանգներ կային այդ օդանավի մեջ, ինչո՞ւ են այն հետո շահագործել հասարակ մարդկանց համար: Կամ՝ ինչո՞ւ են վաճառքի հանում:

Ասենք եթե վաճառքի են հանում, դա գնորդի խնդիրն է, կարող է նորից վերանորոգի, նորից շահագործի, հնարավոր է դա, բաց եթե դա վտանգավոր էր նախագահի շահագործման համար, ուրեմն վտանգավոր է ցանկացած քաղաքացու համար: Խնդիրը սա է»,-այսպիսի հարցեր է բարձրացրել Պետրոսյանը: Նա միաժամանակ չի բացառել, որ բիզնես կլասի այդ ինքնաթիռը հետագայում կծառայի որոշ մեծահարուստների` պատվերով թռիչքներ կատարելու համար: «Հնարավոր է օգտագործեն որպես VIP օդանավ: Լավ տղերքը էստեղից Սոչի կթռչեն կամ այլ տեղ՝ ոչ շատ հեռու»,-կանխատեսել է քաղավիացիայի նախկին պետը: 

Հիշեցնենք, որ աճուրդի հանված ինքնաթիռն ունի 70 տոկոս եւ ավելի մաշվածություն: Մաշվածության պատճառով հետագա շահագործման համար ոչ ցանկալի ինքնաթիռը 2007-ին տրվել է «Արմավիա» ընկերությանը, եւ այն 3 տարի շահագործել է այն: