«Ադրբեջանական ավիաուղիներին» պատկանող Airbus-319 ինքնաթիռի վթարը Աթաթուրքի անվան օդանավակայանում արդեն 19-րդն է` 0523 թռիչքուղում:

Ինչպես հաղորդում է APA-ն, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, 0523 թռիչքուղին, որն օդանավակայանի երեք ուղիներից մեկն է, հայտնի է վթարների ամենաշատ քանակով: Լրատվամիջոցների տեղեկություններով, վերանորոգման աշխատանքների ընթացքում ուղին երկարացվել է 300 մետրով եւ դարձել 2600 մետր: Թուրքիայի օդանավակայանների կառավարման վարչությունից հայտնել են, որ ինքնաթիռը ուշացրել է վայրէջքը եւ միջադեպը տեղի է ունեցել արագությունը գերազանցելու պատճառով:

AzAL-ին պատկանող ինքնաթիռը Բաքվից Ստամբուլ էր մեկնել օգոստոսի 12-ի առավոտյան ժամը 10:06-ին: Ժամը 10:40-ին վայրէջքի ժամանակ շրջադարձ կատարելիս շասսին դուրս էր եկել թռիչքուղուց, արդյունքում ինքնաթիռը քթով բախվել էր գետնին: Ինքնաթիռում անձնակազմի 8 անդամ եւ 119 ուղեւոր է եղել: Ոչ ոք չի տուժել: Պատճառների հետաքննության համար հանձնաժողով է ստեղծվել: