«Վեցնյակն» ու Իրանը համաձայնագիր են կնքել միջուկային ծրագրի շուրջ, սակայն միեւնույնն է, Մերձավոր Արեւելքում Իրանի հզորանալու հեռանկարը սարսափ է առաջացնում։ Այս մասին «Մերձավոր Արեւելքն արդյոք ավելի անվտա՞նգ կդառնա Իրանի գործարքից հետո» վերտառությամբ հոդվածում գրում է BBC –ի վերլուծաբան Քեւին Քոննոլին։
Վերլուծաբանը կարծում է, որ Իսրայելը, Սաուդյան Արաբիան եւ այլ երկրներ նոր գործարքից սպառնալիք են զգում։ Նրա խոսքով՝ Վիեննայում բանակցող կողմերը Իրանի միջուկային ծրագրից զատ պետք է հաշվի առնեին մի շարք հարցեր։ «Կան նաեւ կից հարցեր, որոնք ավելի քիչ չեն հուզում Մերձավոր Արեւելքում Իրանի հակառակորդներին»,- կարծում է հեղինակը։
Մասնավորապես, Իրանի ֆինանսական գործարքներից պատժամիջոցները հանելը թույլ կտա նրան տնտեսապես հզորանալ, ինչը, ըստ հեղինակի, նշանակում է, որ Իրանը կարող է զենք մատակարարել Մերձավոր Արեւելքում կռվող միջնորդավորված ուժերին, ինչպիսիք են Իրաքի շիաները, Հիզբոլլահը եւ Իրանի կողմից ֆինանսավորվող լիբանանյան շիաները։ «Մերձավոր Արեւելքում ծավալված հակամարտությունները կարող են դիտարկվել որպես իսլամի երկու ուղղությունների հետեւորդների՝ սուննիների եւ շիաների առճակատում։ Որքան Իրանը շատ փող եւ շատ զենք ունենա, այնքան դա կնպաստի առճակատման ինտենսիվացմանը»,- գրում է հեղինակը։
Վերլուծաբանը նշում է, որ Մերձավոր Արեւելքում վստահ են, որ միջազգային միջնորդները թույլ էին, քանի որ տրոհվել էին։ ԱՄՆ-ը տեղյակ է Իսրայելի այն մտահոգությունների մասին, որ Իրանը լրացուցիչ միջոցներն օգտագործում է զենք գնելու համար։ Սակայն Չինաստանն ու Ռուսաստանը ցանկանում են նորից զենք մատակարարել Իրանին, որը նրանց համար արժեքավոր գնորդ է։
Հեղինակն անհանգստություն է հայտնում այն կապակցությամբ, որ Մերձավոր Արեւելքում կարող է սպառազինությունների նոր մրցավազք սկսվել, ինչը իսկական աղետ կլինի։
Քոննոլին հիշեցնում է, որ Իսրայելը Կապիտոլիումի բլրի վրա շատ դաշնակիցներ ունի, եւ նրանք կարող են համոզել Կոնգրեսի սկեպտիկներին տապալել Վաշինգթոնում գործարք կնքելու փորձը։ «Այս ռազմավարությունը կարող է ավելի փչացնել Օբամայի եւ Նեթանյահուի արդեն սասանված հարաբերությունները, բայց Իսրայելի վարչապետը կարող է հուսալ, որ հանուն դրա արժի»,- գրում է նա։
Այսպիսով՝ Օբամայի համար դժվար կլինի գործարքը ներկայացնել Մերձավոր Արեւելքի իր դաշնակիցներին՝ Իսրայելին եւ Սաուդյան Արաբիային, անգամ եթե նրանց գլխի տակ փափուկ բարձ դնի մոդերնիզացված զենք մատակարարելու խոստումներով։





























