Թուրքմենական նավթն սկսել է հոսել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով, որը նավթով ապահովում է Եվրոպայի երկրներին, հաղորդում է «Ազատություն ռադիոկայանը:

«Թուրքմենական նավթի մղման համաձայնագիրը ստորագրվել է հուլիսին: Այժմ ամեն օր նավթատարով առաքվում էր մոտ 800 հազար բարել նավթ, այդ ծավալի 4-5 տոկոսը բաժին է հասնում թուրքմենական նավթին»,- հաղորդել են PB Azerbaijan ընկերությունից:

Նշվել է նաեւ, որ իր որակով թուրքմենական նավթը մոտ է ադրբեջանական «Ազերի լայթ» մակնիշի նավթին, ուստի ածխաջրածինների խառնումը գրեթե չի ազդում որակի վրա:

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի օգտագործումը Թուրքմենստանին թույլ կտա իր հումքն արտահանել Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանի տարածքը:

Այս նավաթատարով անցած տարի արտահանվել է մոտ 38 մլն տոննա նավթ: