Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, Պիքֆայայի Ս. Աստուածածին վանքի Վեհարանում հանդիպել է Ասորի ուղղափառ եկեղեցու պատրիարք Իգնատիոս Աֆրամ Բ-ին:
Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ հանդիպման ներկա են եղել հայ միաբան հայրեր եւ ասորի հոգեւոր հայրեր Բեյրութից ու Դամասկոսից։
Հանդիպման ընթացքում շեշտվել է հայ եւ ասորի եկեղեցիների գործակցությանը նոր թափ հաղորդելու հրամայականը թե՛ Միջին Արեւելքի եւ թե՛ սփյուռքի գաղութներում։ Այս շրջանակներում շեշտվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հատուկ կարեւորություն ընծայելու անհրաժեշտությունը։
Աֆրամ Բ. Պատրիարքն իր շնորհակալությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին, ասորի ժողովուրդի ցեղասպանության 100-ամեակին նվիրված բացման հանդիսությանն իր ներկայության ու պատգամի համար։ Նա նաեւ նշել է, որ ինքը հաջորդ օրը ստիպված է ճամբորդել ԱՄՆ, հետեւաբար շաբաթվա ավարտին Մյուռոնօրհնեքի արարողությանը եւ այլ ձեռնարկներին իրեն կփոխարինի Ասորի եկեղեցու Եպիսկոպոսներից բաղկացած պատվիրակությունը։
Հանդիպման ավարտին Արամ Ա. Կաթողիկոսն ու Ն.Ս. Իգնատիոս Աֆրամ Բ ասորիների Պատրիարքը շրջել են Ս. Աստվածածին Վանքի վերանորոգված ու նորակառույց բաժիններով։





























