Եթե անգամ Իրանի տնտեսական բոլոր խնդիրներն անմիջապես չլուծվեն, պատժամիջոցների վերացումը նշանակում է տնտեսական ակտիվության աճ: Դա լավ հեռանկարներ կստեղծի նաեւ որոշ հարեւանների համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Լոնդոնյան համալսարանի Արեւելյան եւ աֆրիկյան հետազոտությունների դպրոցի (SOAS) ղեկավար, դոկտոր Հասան Հակիմիանը՝ մեկնաբանելով Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ հուլիսի 14-ին Վիեննայում Իրանի եւ «վեցյակի» երկրների միջեւ ձեռք բերված համաձայնությունը:
Պատժամիջոցների վերացումը չի նշանակի, որ Իրանի տնտեսական բոլոր դժվարություններն անմիջապես կավարտվեն: Բայց, ամեն դեպքում, Հակիմիանի կարծիքով, կասկած չկա, որ գոնե կարճաժամկետ հեռանկարում միջուկային հարցով լիարժեք համաձայնության ձեռքբերման լուրը զգալի հոգեբանական աջակցություն կլինի առեւտրին եւ Իրան ներդրումների ներհոսքին, ինչպես նաեւ Իրանից արտերկիր արտահոսքին:
«Իրանի համար պոտենցիալ դիվիդենտներ կարող են լինել «խաղաղության դիվիդենտները», թշնամանքի եւ տնտեսական մեկուսացման ավարտը: Իրանի տնտեսության դեմ ամենալուրջ պատժամիջոցների վերացումը Եվրոպայի եւ Ասիայի բիզնեսի համար նոր մեծ շուկա կբացի, հատկապես՝ սպառողական ապրանքների, ինչպես նաեւ ենթակառուցվածքների, ավտոմոբիլային արդյունաբերության, տուրիզմի: Դա լավ հեռանկարներ է ստեղծում նաեւ Իրանի որոշ հարեւանների համար»,- հավելեց փորձագետը:
Հիշեցնենք, որ ըստ համաձայնագրի, Իրանը պարտավորվում է կտրուկ նվազեցնել ցածր հարստացված ուրանի պաշարները, ինչպես նաեւ վերակառուցել Ֆորդոուի ստորգետնյա հարստացուցիչ գործարանը եւ Արաքի ծանր ջրի ռեակտորը, որպեսզի բացառի ռազմական նպատակներով միջուկային նյութերի ստացումը:
Փոխարենը Եվրամիությունը կդադարեցնի նավթային էմբարգոն եւ բանկային պատժամիջոցները: Իրանին հասանելի կլինի նաեւ Swift էլեկտրոնային բանկային համակարգը: Առեւտրային եւ ֆինանսական պատժամիջոցները կդադարեցնի նաեւ ԱՄՆ-ն:





























