Թուրքիայում հյուրանոցի աշխատակիցը հարձակվել է Անթալիայի Queen’s Park 5-աստղանի հյուրանոցի վրա, որտեղ նախկինում աշխատել է: Ոստիկանական տեղեկագրի տվյալներով, օգոստոսի 11-ին՝ ժամը 10:20-ին հյուրանոցի նախկին լուսանկարիչը՝ Վելի Թոփուզը, ջարդել է դուռն ու ներխուժել տնօրենի սենյակ: Տնօրենին տեղում չգտնելով՝ նա դուրս է եկել միջանցք եւ կրակոցներ արձակել:

Հյուրանոցի պահապանները կապվել են Թեքիրովայի ժանդարմերիայի հետ, որը ձերբակալել է Թոփուզին, գրում է tourexpi.com-ը:

Դատական լսումների ժամանակ, Վելի Թոփուզը հայտարարել է, թե հյուրանոցի սեփականատեր Դուրմուշ Շահինը բազմիցս վիրավորել է իրեն՝ հայհոյանքներ տեղալով իր հասցեին:

«Ես ոչ մեկին թույլ չեմ տա վիրավորել ինձ: Իմ նպատակն էր վախեցնել նրան, որ այսուհետ ավելի հարգալից լինի անձնակազմի նկատմամբ»,- հայտարարել է հյուրանոցի նախկին աշխատակիցը:

Թոփուզը կմնա անազատության մեջ՝ մինչեւ գործի հանգամանքների բացահայտումը: