Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում այսօր` օգոստոսի 13-ին մեկնարկել է Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովը, որը ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը կազմակերպում է 2004 թվականից: Երկամյա պարբերականությամբ Հայաստանում գումարվող խորհրդաժողովները խնդիր ունեն քննարկել արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմանխնդիրները, հստակեցնել կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման եւ համագործակցության զարգացման հաջորդական քայլերը:
Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովի բացման խոսքում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ընթերցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը համաժողովի մասնակիցներին:
Ա. Աշոտյանը նշել է, որ համաժողովը նպատակ ունի հավաքել Հայաստանի, Սփյուռքի, Արցախի, Ջավախքի կրթության եւ գիտության ոլորտի պատասխանատուներին եւ միասին քննարկել ապագա երկու տարիների համար նախատեսված խնդիրների լուծման տարբերակները: «Իմ ակնկալիքները համաժողովից մեծ են: Երեք օրվա աշխատանքի ընթացքում պետք է ծնվի նոր բանաձեւ, պետք է հստակեցնել հին ծրագրային ուղղությունները, լսել նոր առաջարկներ»,- ասել է Արմեն Աշոտյանը:
Համաժողովի մասնակիցներին ողջունել են նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հայր Վարդան Նավասարդյանը եւ Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, Ամերիկայի արեւմտյան ափի ազգային դպրոցների խնամակալական խորհրդի անդամ Ռուբինա Փիրումյանը:
Համաժողովն օգոստոսի 13-17-ին իր աշխատանքները կշարունակի Ծաղկաձորում:



























