Հուլիսի 16-ին աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի հետ: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը եւ այլ պաշտոնատար անձինք։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր: Վրաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ հայկական կողմի հետ երկկողմ համագործակցության առաջնային ուղղություններից մեկը լինելու է ռազմական կրթությունը: «Բրյուսելում ես հնարավորություն ունեցա հանդիպելու իմ հայաստանյան գործընկերոջ հետ եւ պայմանավորվածություն ձեռք բերեցինք հաստատելու համագործակցության նոր ուղիներ եւ հարաբերությունների նոր ձեւաչափեր: Այս այցը նպատակ է հետապնդում խորացնել համագործակցությունը մեր ռազմական ուսումնական հաստատությունների միջեւ՝ փորձի եւ գիտելիքների փոխանակման նպատակով»,- նշել է Վրաստանի պաշտպանության նախարարը:
Կողմերը նաեւ կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ:
Հանդիպման ավարտին Դ.Տոնոյանը Վրաստանի պաշտպանության նախարարին է փոխանցել Հայաստան այցելելու ՀՀ պաշտպանության նախարարի հրավերը:





























