Հայաստանը կարողացավ արագորեն ՏՏ ոլորտ ստեղծել, որը նախանձի առարկա է ամբողջ Կովկասում եւ դրա սահմաններից դուրս: Այս մասին ասված է տեխնոլոգիական ոլորտի «Red Herring» կայքում հրապարակված հոդվածում:

«Նախկին խորհրդային արբանյակներից Հայաստանը՝ փոքրիկ, դեպի ծով ելք չունեցող, 3 միլիոնից պակաս բնակչությամբ, հարեւանների կողմից շրջափակված, ցեղասպանությունից եւ վերջերս տեղի ունեցած պատերազմից քայքայված այս երկիրը, թվում է, չի կարող տեխնոլոգիական տարածքում ակնհայտ թեկնածու լինել:

Սակայն հարկավոր է միայն արագորեն թերթել պատմության դասագրքերը՝ հասկանալու համար, թե ինչպես է այդ երկիրը կարողացել արագորեն ՏՏ ոլորտ ստեղծել, որը նախանձի առարկա է ամբողջ Կովկասում եւ դրա սահմաններից դուրս: Տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում ներկայում շուրջ 15 հազար աշխատատեղ կա, եւ այն նույնիսկ սեփական պլանշետն է ստեղծել»,- նշվում է կայքում:

Հոդվածի հեղինակները նաեւ հիշեցնում են, որ Հայաստանը հայտնի էր որպես Խորհրդային միության Սիլիկոնային հովիտ եւ, չնայած վերջին աղետներին, բարձրորակ մասնագետների ժառանգությունը դեռ կա:

«Այժմյան Հայաստանը շուրջ 400 տեխնոլոգիական ընկերություն ունի, որոնց թիվը, անցյալ տարվա համեմատ, 25%-ով ավելացել է: Նրանք տարեկան, ընդհանուր առմամբ, 475 մլն դոլար են արտադրում՝ երկրի ՀՆԱ-ի շուրջ 5%-ը: 2000 թվականին մայրաքաղաք Երեւանում «Վիասֆեր»-ի առաջին պաշտոնական տեխնոպարկը բացվեց: 2012 թվականին էլ երկրորդ պարկը բացվեց հանրապետության՝ մեծությամբ երկրորդ Գյումրի քաղաքում: 2019 թվականին Հայաստանը կհյուրընկալի Համաշխարհային տեխնոլոգիական համաժողովի մասնակիցներին»,- նշված է կայքում: