Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու գործում գլխավոր ներդրումը ԱՄՆ-ինն է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Առանց չափազանցության ասեմ, որ գլխավոր, որոշիչ, անվիճելի ներդրումն ԱՄՆ-ից բանակցողներինն է: Դա անհերքելի փաստ է: Առանց փոխզիջման որոնումների, արդյունքի հասնելու՝ ԱՄՆ-ի նպատակաուղղվածության այս գործարքը չէր կայանա»,- հայտարարել է ԱԳ նախարարը:
Նրա խոսքով, Ավստրիան, Շվեյցարիան եւ Ղազախստանը որպես երկրներ, որտեղ անցկացվել են բանակցությունները, նույնպես մեծ ներդրում են ունեցել համաձայնության հասնելու գործում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Իրանի հարցով համաձայնության ստորագրմանը մասնակցելու համար:





























