Մարզահամերգային համալիրի տարածքում գործող iLounge սրճարանի սեփականատեր Դավիթ Ծաղիկյանն այսօր` հուլիսի 16-ին փորձեց նստացույց սկսել նախագահի նստավայրի դիմաց` պահանջով, որ Պաշտպանության նախարարությունը, որի իրավասությանն է հանձնվել ՄՀՀ–ը, վերադարձնի սրճարանի` իրեն պատկանող գույքը։

NEWS.am–ի հետ զրույցում Դավիթ Ծաղիկյանը պատմեց, որ 2009թ-ից ՄՀՀ տնօրինությունից վարձակալել է տարածք և ապահովելով տարածքը համապատասխան սարքավորումներով, հիմնել iLounge սրճարանը։ 2014թ. ամռանը  համալիրը ՊՆ իրավասությանը հանձնելուց հետո նրան այլեւս թույլ չեն տվել սրճարանն աշխատեցնել, գույքի վրա արգելանք է դրվել։

Դավիթ Ծաղիկյանն արդեն մի քանի ամիս չի կարողանում հետ ստանալ իրեն պատկանող գույքը, մինչդեռ նրա տեղեկություններով` ՄՀՀ ներկայիս ղեկավարությունն իր գույքը մինչեւ այսօր շարունակում էն օգտագործել եւ եկամուտ ստանալ։

«Իմ սեփական գույքը խլել են, փող են աշխատում, ինձ էլ մի կոպեկ փող չեն տալիս»,– ասաց նա։

Դավիթ Ծաղիկյանի խոսքով` թեեւ ԴԱՀԿ-ը, ֆինանսների և պաշտպանության նախարարությունները արձանագրել են, որ iLounge սրճարանի տարածքում գտնվող գույքը իր սեփականությունն են, սակայն ինքը դեռևս չի կարողանում հետ ստանալ դրանք։ Գործով դատական նիստերն անընդհատ հետաձգվում են, ինչում Դավիթ Ծաղիկյանը միտում է տեսնում։

«Պաշտպանության նախարարությանը ձեռ ա տալիս, որ դատը հետաձգվի, իմ գույքը աշխատացնի, եկամուտ ստանա։ ՊՆ-ի որոշ պաշտոնավորներ էնտեղ եկամուտ են ստանում։ Կաֆե ա, իմ գույքը օգտագործելով, տվել են վարձով 600-700 հազարով՝ իմ իմանալով, գույքս էլ մեջը»,– ասաց նա։

Մեր հարցին, թե ինչու է որոշել հենց նախագահականի դիմաց նստացույց անել, Դավիթ Ծաղիկյանը պատասխանեց, որ ՊՆ-ին հանձնարարական կարող է տալ միայն ՀՀ նախագահը։ Ոստիկանների հետ բանակցությունների արդյունքում քաղաքացին որոշեց գրավոր նախագահին ներկայացնել իր պահանջը։ Նա նաև նշեց, որ եթե նախագահն իր պահանջը չբավարարի, կդիմի ավելի կտրուկ քայլերի` հացադուլի և նստացույցի։