Իրանի եւ «վեցյակի» երկրների միջեւ ձեռք բերված համաձայնությունը Թեհրանին էներգակիրների առեւտրի մեծ ազատություն է տալիս, այդ թվում՝ հարեւան Հայաստանի եւ այլ պետությունների հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ամերիկյան Էմորի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Ասֆանդիար Մաասումին: Նրա կարծիքով, այդպիսի ազատություն Իրանը կունենա, եթե անգամ ԱՄՆ Կոնգրեսը հավանության չարժանացնի Վիեննայում վերջերս ձեռք բերված համաձայնագիրը:

Սակայն, ընդհանուր առմամբ, չի կարելի չնկատել, որ համաշխարհային քաղաքականության մեջ բեւեռացումն աճում է, եւ Իրանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացման առումով կարելի է լուրջ խոչընդոտներ սպասել: ԱՄՆ-ն ավելի ու ավելի պահպանողական է դառնում արտաքին քաղաքականության հարցում, եւ այս միտումը, ըստ փորձագետի, նախագահ Օբամայից հետո կուժեղանա:

«Չի բացառվում, որ եվրոպացիները կարող են կարկանդակից մեծ կտոր պոկել, եթե հայտնվեն իրանական շուկայում: Առայժմ սա ընդամենը հեռանկար է, բայց հնարավոր է, որ սա P5+1 ձեւաչափով եվրոպական բանակցողների համար հիմնական խթանն էր: Առաջիկա բոլոր մանեւրումների դեպքում քաղաքական խաղացողները կձգտեն այնտեղ, որտեղ փող կա»,- հավելեց տնտեսագետը:

Հիշեցնենք, որ ըստ համաձայնագրի, Իրանը պարտավորվում է կտրուկ նվազեցնել ցածր հարստացված ուրանի պաշարները, ինչպես նաեւ վերակառուցել Ֆորդոուի ստորգետնյա հարստացուցիչ գործարանը եւ Արաքի ծանր ջրի ռեակտորը, որպեսզի բացառի ռազմական նպատակներով միջուկային նյութերի ստացումը:

Փոխարենը Եվրամիությունը կդադարեցնի նավթային էմբարգոն եւ բանկային պատժամիջոցները: Իրանին հասանելի կլինի նաեւ Swift էլեկտրոնային բանկային համակարգը: Առեւտրային եւ ֆինանսական պատժամիջոցները կդադարեցնի նաեւ ԱՄՆ-ն: