Հոկտեմբերի 1-ից էլեկտրաէներգիա եւ գազ սպառողները «Հայկական էլեկտրական ցանցերից» եւ «Հայռուսգազարդից» պետք է ստանան լրացուցիչ տեղեկատվություն` սպառված էլեկտրաէներգիայի եւ գազի դիմաց։ Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Աբգար Եղոյանը։ Որոշումն ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ ՀԿ-ի առաջարկությամբ։

Ըստ Եղոյանի՝ բնակիչներին տրվող կտրոնների վրա այսուհետ պարտադիր պետք է նշված լինեն ամսվա վերջի եւ ամսվա սկզբի տվյալները, նշում այն մասին, թե որ օրն է ֆիքսվել տվյալը, պարտքի մնացորդը ամսվա սկզբին եւ վերջին՝ արտահայտված դրամով, հաշվարկային ամսում սպառած էլեկտրաէներգիայի կամ գազի քանակը (բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչի առկայության դեպքում՝ գիշերային սակագնով սպառած էլեկտրաէներգիայի քանակը)։ Այս տեղեկությունները, ըստ Եղոյանի՝ սպառողին հնարավորություն կտան խուսափել կամայականություններից։

Նշենք, որ Երեւանի կենտրոնի որոշ տեղամասերում նման բացվածքով կտրոններ տրամադրվում են վաղուց, սակայն միշտ չէ, որ սպառողը կարողանում է պաշտպանել իր իրավունքները։

Եղոյանի կարծիքով՝ այս նորամուծությունները քաղաքացիներին հատկապես անհրաժեշտ կլինեն դեկտեմբերի հաշվարկները ստուգելիս, քանի որ հատկապես այդ ամսվա տվյալները ֆիքսելիս տեսուչները խախտումներ են կատարում։

Մյուս նորամուծությունն այն է, որ սպառողը իրավունք կստանա էլեկտրոնային փոստով ստանալ իրեն անհրաժեշտ տեղեկությունները։