Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի նոր նախագիծ է նախապատրաստվում, որն արմատապես կտարբերվի գործող օրենքից։ Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։ Նրա խոսքով՝ կխստացվեն պատժամիջոցները, կհստակեցվեն սահմանումները, կկիրառվեն նոր մոտեցումներ։ Օրենքի նոր նախագծում Հանձնաժողովը հաշվի է առել Համաշխարհային բանկի (փորձագետ Սառա Ռեյնոլս) եւ ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման ծրագրի (UNSTAD) շրջանակներում ստացած առաջարկությունները։
Նշենք, որ այսօր «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Աբգար Եղոյանը նույնպես խոսել է մրցակցության խախտման դեպքում պատժամիջոցները խստացնելու անհրաժեշտության մասին։ Մասնավորապես՝ խոսք է գնում հակամրցակցային համաձայնություններ կնքելու դեպքում սահմանված տուգանքի մասին, որ կազմում է նախորդ տարվա շրջանառության 2 տոկոսը, բայց ոչ ավելի՝ քան 300 մլն դրամը (մոտ 800 հազ. դոլար)։ Ա. Եղոյանն ասել է, որ կառավարությանն առաջարկել են տուգանքի շեմը բարձրացնել մինչեւ 5 տոկոս։
Հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանն, իսկապես, հաստատեց, որ տուգանքի շեմը բարձացվելու է մինչեւ 5 տոկոս, քննարկվում է նաեւ 300 մլն դրամի շեմը բարձրացնելու խնդիրը։ «Ամբողջ աշխարհում տուգանքի չափը 10 տոկոս է, բայց կտրուկ փոփոխությունները հանրությունը կարող է լավ չընկալել, ուստի ընտրեցինք 5 տոկոսը»,- ասաց Շաբոյանը։
Նա տեղեկացրեց նաեւ, որ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի հետ ունեն փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում համատեղ քննարկումներ եւ մոնիտորինգ է արվում։ Հուշագրի ստորագրումը, Ա. Շաբոյանի տեղեկացմամբ, կատարվել է Հանձնաժողովի նախաձեռնությամբ։ Ինչ վերաբերում է օրենսդրական փոփոխություններին, մասնավորապես՝ պատժամիջոցների խստացմանը, ապա, Շաբոյանի խոսքով՝ ՀԿ-ի կողմից ոչ գրավոր, ոչ էլ բանավոր առաջարկություններ չեն ստացել։



























