Այսօր NEWS.am-ի թղթակիցը երեւանյան որոշ խանութներում մոնիտորինգ է անցկացրել՝ պարզելու կաթնամթերքի գները։ Ցավոք՝ «ՍԱՍ» սուպերմարկետում (մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարեւանությամբ) խոչընդոտել են թղթակցին գրանցելու գները, ասելով, որ դա իրենց մոտ չի թույլատրվում։ Իսկ թե ինչո՞ւ չի թույլատրվում, երբ դրանք առանց այն էլ գրված են պիտակների վրա՝ մնում է գաղտնիք։
«Աշտարակ կաթ»-ի եւ «Մարիաննայի» թթվասերները երեւանյան սուպերմարկետներում («Ֆրեշ», «ՍԱՍ») այսօր արժեցել են՝ մեծ տուփերը 380-390 դրամ, միջինները՝ 180-190 դրամ, փոքրերը՝ 100 դրամ։ Խանութների վաճառողուհիների տեղեկացմամբ՝ վերջին 2 շաբաթվա ընթացքում այստեղ գների փոփոխություն չկա։ Միեւնույն ժամանակ սպառողների շրջանում կատարված հարցումները ցույց են տալիս, որ վերջին մեկ ամսվա ընթացքում մեծ եւ միջին չափսերի թթվասերները թանկացել են 10-20 դրամով։ «Աշտարակ կաթ» ընկերության մարկետինգի բաժնից Վերա Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ բացթողնման գների որեւ փոփոխություն չեն կատարել, սակայն հրաժարվեց ասել, թե բացթողնման գները որքան են, եւ ընդհանրապես՝ վերջին անգամ դրանք երբ են փոփոխվել։
Նշենք, որ մեծ տուփով թթվասերները փոքր խանութներում արդեն վաճառվում են 400 դրամով։ Գնի որեւէ փոփոխություն չի կատարել «Սթարը», որտեղ այն նախկինի պես արժե 370 դրամ։ Վերջին 1 տարվա ընթացքում երեւանյան խանութներում անփոփոխ են մնում միայն փոքր տուփերով թթվասերների գները։




























