Արեւտմյան պատժամիջոցները հանելուց հետո Իրանը կնազեցնի ապրանքների ներմուծման մաքսատուրքերը, այդ թվում Հայաստանից: Այս մասին, այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյաննը:
Պատժամիջոցների տարիներին Իրանը ներմուծման շատ բարձր մաքսատուրքեր էր կիրառում, որպեսզի փակ արտահանման պայմաններում պահանջարկ ստեղծի սեփական արդյունաբերության համար գոնե տանը: Ուստի երկիրը փորձում էր ապահովել ինքն իրեն: Բայց հիմա, երբ Իրանի արտահանման ճանապարհը բացվում է, առաջ կգա նաեւ Իրանի շուկան այլ երկրների համար բացելու հարցը: «Իսկ Հայաստանն այնքան փոքր երկիր է, որ Իրանի հսկայական շուկայում ոչ մեկին չի խանգարի»,-ասել է Մակարյանը:
«Մի քանի ամիս առաջ ՀՀ ղեկավարությունն ուրախանում էր ԵՏՄ անդամակցությամբ եւ 180 միլիոնանոց շուկայով: Հիմա հենց մեր դիմաց բացվում է 70 միլիոնանոց Իրանի շուկան, որը լավ այլընտրանք կարող է դառնալ Ռուսաստանում տնտեսական բարդությունների լույսի ներքո»,-հայտարարել է Մակարյանը:





























