Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը օգոստոսի 13-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, հաստատել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի անդամների փոխհատուցման չափը եւ կարգը, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից գանձվող անդամավճարների եւ անդամավճարները չվճարելու համար գանձվող տույժի չափերը: Միեւնույն ժամանակ սեպտեմբերի 15-ին ԿԲ-ում տեղի կունենա ժողով՝ վարորդների եւ սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների կողմից Բյուրոյի խորհրդի անդամի ընտրության համար։

 Համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի՝ Բյուրոյի խորհրդի մեկական անդամ ընտրում են.

-  վարորդների իրավունքները պաշտպանող, առնվազն երեք տարվա պետական գրանցում ունեցող կազմակերպությունները` իրենց միջեւ ձեռք բերված պայմանավորվածությամբ` երկու տարի ժամկետով.

- սպառողների իրավունքները պաշտպանող, առնվազն երեք տարվա պետական գրանցում ունեցող կազմակերպությունները` իրենց միջեւ ձեռք բերված պայմանավորվածությամբ` երկու տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ 2011 թ. հունվարի 1-ից Հայաստանում գործելու է ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը։ Ենթադրվում է, որ դրա արդյունքում ապահովագրական շուկան կտրուկ կակտիվանա։